«Ժամանակ» թերթը զրուցել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ։

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, արդյոք հստակություն մտցրեց քաղաքական դաշտում, Լյուդմիլա  Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Նախ քաղաքական դաշտում վաղուց արդեն հստակություն չկա, թե ով որ դաշտում է խաղում, ով ինչ է ցանկանում։ Ես կարող եմ ասել, որ ՀԱԿ թե շարժումը, թե կուսակցությունը լուրջ ընդդիմություն է։ Ինչպես նաեւ՝ ՍԴՀԿ-ն եւ ՀԺԿ-ն։ Մյուսների մասով առայժմ ոչինչ չեմ կարող ասել։ Ընդդիմություն հայտարարելով չեն լինում, կոնկրետ քայլերով, հետեւողական պայքարով, իշխանությանը զսպելով եւ ժողովրդի կողքին կանգնելով են լինում։ Տվյալ դեպքում ոչ մի անսպասելի բան չկար Գ. Ծառուկյանի հայտարարության մեջ, քանի որ նա երբեւիցե չի ասել, որ ընդդիմություն է...
Եվ եթե ԲՀԿ-ն համարում է, որ ինքն այլընտրանք է, ես նրան այդպես էլ ընկալում եմ։ Իշխանություն չէ հաստատ, քանի որ կառավարության կազմում ներկայացված չէ։ Հետեւաբար՝ դասական առումով ընդդիմություն է։ Բայց մի կողմ թողնենք դասականը։ Գ. Ծառուկյանը խոշոր բիզնեսմեն է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում խոշոր բիզնեսմենը չի կարող ամբողջությամբ թեքվել դեպի ընդդիմություն...»:

«- Բայց Լեւոն Զուրաբյանը նորից կարծում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է։

-Ես չեմ ուզում մեկնաբանել Լ. Զուրաբյանին։ Միգուցե նա հիմքեր ունի նման բան ասելու։ Ես ունեմ իմ դիրքորոշումը։ Ինձ համար ԲՀԿ-ն այլընտրանք է, որը դեռ կողմնորոշման խնդիր ունի»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):