ՀՀ կառավարության վերջին նիստում Եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր) թողարկելու մասին կայացված որոշումը հավակնում է դառնալ գործող կառավարության ամենասենսացիոն որոշումներից մեկը։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Որն է խնդիրը։ Եվրոբոնդը արտաքին պարտք ներգրավելու միջոց է։ Կառավարությունը, պատկերավոր ասած, տպագրում է երկրի բաժնետոմս եւ հանում վաճառքի։ Գնորդը սահմանված ժամկետից հետո պետք է ետ ստանա իր ներդրած գումարը՝ տոկոսներով հանդերձ։ ՀՀ կառավարությունը որոշել է 500 մլն դոլարի եվրոբոնդ հանել վաճառքի։ Դրանց նախնական տոկոսադրույքը մոտ 6 տոկոս է, ժամկետը՝ 10 տարի։

Այսինքն՝ ՀՀ կառավարությունը 10 տարի հետո պարտավոր է ետ գնել այդ եվրոբոնդերը 500 մլն դոլարով  եւ վճարել եւս 60 տոկոս։ Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե միջազգային շուկայում իրականում ինչ տոկոս կսահմանվի։ Բացառված չէ, որ մեր եվրոբոնդերի համար սահմանվի 8 կամ 10 տոկոս։ Այդ դեպքում մեր արտաքին պարտքը կավելանա մինչեւ մեկ միլիարդ դոլարով։ Բայց առավել հետաքրքիր է, թե ինչու կառավարությունը որոշեց հենց հիմա թողարկել այդ եվրոբոնդերը։ Ըստ վարչապետի՝ դա արվում է Ռուսաստանին ունեցած 500 մլն դոլարի վարկը փակելու համար։ Նկատենք, որ այդ վարկի տոկոսադրույքը 3,5 տոկոս է։ Եվ ուրեմն ստացվում է, որ կառավարությունը էժան ու ավելի ձեռնտու վարկը փակելու համար չափազանց թանկ վարկ է վերցնում...

Եվրոբոնդերի թողարկման մասին որոշումը ցույց է տալիս, որ կառավարությունը կորցրել է իրականության զգացումը...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):