Նոր մանրամասներ են ի հայտ եկել Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի մասին:

Մայիսի 17-ին, ժամը 18.44-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարար ջոկատ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 46 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2697 Լ համարանիշի (վարորդ` Սաշա Սարգսյան) եւ «Պրադո» մակնիշի 27 ԼM 777 համարանիշի (վարորդ` Անուշավան Մկրտչյան) ավտոմեքենաները։

Պատահարի հետեւանքով Ա. Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: