Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցեռլ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրել է, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։

Զրուցակիցները քննարկել են Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հայաստանի ԱԳՆ նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական է որակել այն Հայաստանի համար եւ հույս հայտնել, որ Եվրախորհրդի հայաստանյան   նախագահության եւ ԵԽԽՎ միջեւ արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում  Երեւանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպել է նաեւ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի  հետ:

Նախարարները գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի եւ Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարեւորվել է  երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարեւոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:

ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում  նախարարներն անդրադարձել են կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարեւոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրել է երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։