Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
Այս մասին հաղորդում է Հայաստանի Գլխավոր դատախազությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ ըստ նախաքննության տվյալների՝ 15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում' ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել եւ որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում եւ այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաեւ հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
Այսօր՝ 18.05.2013թ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաեւ որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























