Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս պահին Սեւանի կամրջի մոտ շարունակում է բանակցությունները Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված զինվորի ծնողներին եւ հարազատների հետ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Օհանյանը հավաստիացրել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ու խիստ հանձնարարել զբաղվել այդ հարցով: Վերջինս վստահեցրել է, որ բացահայտվելու է սպանությունն ամբողջությամբ եւ մեղավորները կրելու են իրենց արժանի պատիժը, սակայն հայրը` Իշխան Ստեփանյանը, չի հանդարտվում: Նա պահանջում է մեղավորին բերել դեպքի վայր ու իրենց աչքի առջեւ պատժել: Իսկ մոր` Աշխարհիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը վատացել է:

Նշենք, որ լարված իրավիճակը ազդել է նաեւ լրատվամիջոցների գործունեության վրա: Ռազմական ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողներին մասնագիտական գործունեություն ծավալել, խլել են հեռուստաընկերությունների աշխատակիցների տեսախցիկները: Ըստ ականատեսների՝ տեսախցիկներից մեկը կոտրել են:

Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնեց նաեւ, որ Սեյրան Օհանյանը պատմել է, թե սպանությունը ինչպես է տեղի ունեցել: Ըստ նախարարի «կուրիլկայում» դասերը պատրաստելու ժամանակ վիճել են միմյանց հետ, ինչից հետո կրակել է մյուս զինվորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Այս պահին ճանապարհը պատնեշված է:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

Վերջիններս փորձում են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցնում, որ սպանությունը կբացահայտվի: Սակայն զինվորի հարազատները շարունակում են ընդվզել եւ պահանջում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Նրանց հետ հանդիպելու է գնացել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, սակայն վերջինիս չի հաջողվել հարազատներին հետ պահել բողոքի մտքից:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: