Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Քալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի կրթական համակարգի միջազգային ճանաչելիությունը մեծանում է:

Հերթական լավ լուրը. այս անգամ` ԱՄՆ-ից: Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Քալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այսուհետեւ ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:

Մեր համալասարանը գրանցված է նաեւ Քալիֆորնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում` պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում հետեւյալ հասցեով՝ http://www.mbc.ca.gov/applicant/schools_recognized.html:

Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Քալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով եւ ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաեւ արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից»: