Մայիսի 20-ի առավոտյան Կամչատկայի ափերին մոտ վեց մագնիտուդ ուժգնությամբ մի քանի տասնյակ երկրաշարժ է գրանցվել: Ամենահզոր ցնցումը գրանցվել է առավոտյան ժամը երեքի սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում:
Տուժածներ եւ ավերածություններ չկան: Բնակավայրերում ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել, հայտնում է ՆՏՎ-ն:
Մինչդեռ, հիմնվելով երկրաֆիզիկոսների տվյալների վրա, փրկարարները չեն բացառում, որ թերակղզու ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժերի շարքը կարող է ավելի ուժգին ցնցման պատճառ դառնալ: Սակայն մասնագետները կանխատեսում են, որ եթե դա տեղի էլ ունենա, նրա ուժգնությունը չի գերազանցի յոթ բալը, հայտնում է «Ինտերֆաքսը»:



























