Պաշտոնից հեռանալը կամ մնալն իմ անձնական վճիռը չէ. ես նախագահ եմ ընտրվել Սիրիայի ժողովրդի կողմից, եւ միայն նա իրավունք ունի այդ մասին որոշում կայացնելու: Այս մասին «Clarin» արգենտինական թերթին եւ «Telam» տեղեկատվական գործակալությանը տված  հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:  Հարցազրույցի ամբողջական տեքստը մեջբերում է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը: Ըստ Ասադի` եթե որեւէ մեկն ասում է, որ Սիրիայի նախագահը պետք է հրաժարական տա, քանի որ այդպես են ցանկանում ԱՄՆ-ը,  որոշ այլ երկրները եւ ահաբեկիչները, ապա դա միանգամայն անընդունելի է:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է երկրի ղեկավարությունը վերահսկում  իրադրությունը, նկատի ունենալով, որ հացազրույցի ընթացքում լսելի են նաեւ ականանետների եւ թնդանոթների զարկերը, Սիրիայի նախագահը նշել է, որ  «վերահսկել» եզրը հաճախ կիրառվում է արտասահմանյան բանակի դեմ պայքարի ժամանակ:  «Այդ դեպքում մենք կարող ենք հայտնել, որ վերահսկում ենք այս կամ այն շրջանը:  Սիրիայում իրադրությունը միանգամայն այլ է: Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, որոնք որոշ թաղամասեր են ներխուժել: Նրանք կարող են որոշակի շենքեր գրավել, սակայն դա չի նշանակում, որ տվյալ տեղանքը նրանց ամբողջական հսկողության տակ է գտնվում: Քանի որ նրանք բանակ չեն, ունեն հնարավորինս արագ թաքնվելու, մի տեղից մյուսը տեղաշարժվելու հնարավորություն: Ինչ վերաբերում է սիրիական բանակին, ապա այդպիսի դեպք չի եղել, որ այն ծրագրեր մտնել որեւէ թաղամաս եւ ի վիճակի չլիներ դա անել», - ասել է Բաշար Ասադը՝ հավելելով, որ կան թաղամասեր, որտեղ ահաբեկիչների համար ավելի հեշտ է տեղաշարժվելը:

«Աշխարհում ոչ մի բանակ չի կարող գտնվել այս կամ այն երկրի յուրաքանչյուր անկյունում: Մեր ռազմական գործողությունն ուղղված է ահաբեկիչներին ոչնչացնելուն, այլ ոչ թե տարածքների ազատագրմանը: Վերջին շաբաթների ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել: Ահաբեկիչների մեծամասնությունը լքել է Սիրիան, մի մասը հանձնվել են իշխանություններին: Այդպիսով,  մենք չենք խոսում այս կամ այն թաղամասի վերահսկողության մասին, այլ պատերազմում ենք ահաբեկչության դեմ: Դա տեւական պայքար է, սակայն մենք զգալի հաջողությունների ենք հասել», – ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը: