Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել ուժայիններին առեւանգողների հետ: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է այն բանից հետո, երբ Youtube վիդեոհոսթինգում տեսանյութ է հայտնվել կապված աչքերով յոթ մարդու մասնակցությամբ: Նրանք նախագահին խնդրում են փրկել իրենց՝ ազատելով բանտարկված գրոհայիններին:

Սինայի թերակղզու հյուսիսային մասում մայիսի 16-ին իսլամիստ գրոհայինները բանտարկված ընկերների հետ փոխանակելու համար առեւանգել էին ոստիկանության երեք աշխատակցի եւ  չորս զինծառայողի:  «Մենք սադրանքին չենք ենթարկվի, հանցագործների հետ երկխոսություն չի լինի», - հայտնել է Մուրսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ  եգիպտական հատուկ նշանակության ջոկատը պատանդների ազատագրման գործողություն է ձեռնարկում: Այս մասին հայտնի էր դարձել մայիսի 19-ի երեկոյան Մուհամեդ Մուրսիի եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո:

Չի բացառվում, որ գործողությունը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին, քանի որ ներկայումս առեւանգիչները փորձում են իրենց պատանդներին տեղափոխել հարեւան Գազայի հատված: Իսկ նրանց օգնում է  սալաֆիթների «Ջեյշ ալ իսլամ»  (Իսլամի բանակը) պաղեստինյան խմբավորման ղեկավարը:

 «Էխո Մոսկվին» հաղորդում է, որ եգիպտացի զինվորականները եւ ոստիկանները մայիսի 19-ին գործադուլ էին հայտարարել` որպես գրոհայինների կողմից առեւանգված զինվորների ընտանիքներին համերաշխություն հայտնելու նշան: Երկու օր առաջ այդ նույն պատճառով գործադուլ էին հայտարարել Գազայի հատվածի սահմանային  միակ անցակետի` Ռաֆահի ոստիկանները: Հաղորդվում է, որ այդ անցակետի երկու կողմերում հավաքվել էին 2,5 հազար բնակիչներ: