Մենք միշտ էլ կողմ ենք եղել համակողմանի ազգային երկխոսությանը, որը կներառի բոլոր ցանկացողներին, պայմանով, որ նրանք ընդունակ լինեն անկախ որոշումներ կայացնել՝ երկրի ինքնիշխանությունը հարգելով, եւ գաղտնի կամ բացահայտ կապեր չունենան Իսրայելի հետ:  Այս մասին «Clarin» արգենտինական թերթին եւ «Telam» տեղեկատվական գործակալությանը տված  հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հարցազրույցի ամբողջական տեքստը մեջբերում է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:

Ըստ Սիրիայի նախագահի` երկրի ղեկավարությունը պատրաստ է բանակցել բոլորի հետ` բացառությամբ ահաբեկիչների, քանի որ չկա այնպիսի պետություն, որը երբեւէ բանակցություններ է վարել ահաբեկիչների հետ: «Սակայն մեզ համար խնդիր չկա, եթե գրոհայինը վայր դնի զենքը եւ կառուցողական քաղաքական երկխոսություն սկսի: Կան մարդիկ, որոնք զենք են վերցրել, սակայն հետագայում հասկացել են, որ Սիրիայում իրադարձություններն այլ ուղղությամբ են զարգանում:  Նրանք վայր են դրել զենքերը եւ քաղաքական երկխոսություն  սկսել Սիրիայի հետ: Նրանք ունեն պահանջներ եւ առաջարկներ, եւ սիրիական կառավարությունը պատրաստ է լսելու նրանց կարծիքը: Սակայն մենք խոսում ենք այն մասին, որ խաղաղ քաղաքական որոշումը հնարավոր չէ այն պայմաններում, երբ շարունակվում են ահաբեկչական գործողությունները:  Ոմանք կարծում են, որ քաղաքական կոնֆերանսը կհանգեցնի ահաբեկչության դադարեցման: Դա անիրատեսական է», - ասել է Ասադը:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ երկրում ահաբեկչությունը խրախուսվում, ֆինանսավորվում եւ զինվում է դրսից: Արեւմտյան երկրները սատարում են ահաբեկչությանը եւ միեւնույն ժամանակ պնդում, որ քաղաքական կոնֆերանսին հաջողություն են մաղթում: Որոշ երկրներ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին` ֆինանսավորելով եւ զինելով նրանց:  «Ահաբեկչությունն առանձին թեմա է: Նույնիսկ եթե մենք հաջողության հասնենք քաղաքական փոխզիջման հարցում, դա չի նշանակում ահաբեկչության դադարեցում,  քանի որ կան Քաթարի, Թուրքիայի նման պետություններ, որոնք  շահագրգռված չեն Սիրիայում բռնության դադարեցմամբ, եւ նրանք կշարունակեն աջակցել ահաբեկչությանը: Այդ պատճառով էլ հիմնական բնագավառը, որը պետք է  քննարկվի միջազգային կոնֆերանսում, փողի եւ զենքի հոսքը եւ գրոհայիններին Սիրիա ուղարկելն անհապաղ  դադարեցնելն է: Գրոհայինները հիմնականում ուղարկվում են Թուրքիայով` Քաթարի եւ Արաբական ծոցի այլ երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի ֆինանսներով», - եզրափակել է Բաշար Ասադը: