12-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ոստիկան Կնյազ Աշոտի Բարսեղյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեյատվական համակարգից: Դրանից բացի` նրան 2 տարի ժամկետով զրկել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին, փոխվել է եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ, եւ հօգուտ գործով տուժողի իրավահաջորդի` բռնագանձվել է 2 միլիոն դրամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 12-ամյա Լեւոն Թ.-ն, ով Մեծամորի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Հունիսի 27-ին, նրա ծննդյան օրն էր: Վրաերթի ենթարկողը երեխային թողել էր անօգնական վիճակում եւ դեպքի վայրից հեռացել: Լեւոնը փորձել էր հեծանիվով ճանապարհն անցնել, որի ժամանակ էլ նրան հարվածել էր մեքենան: Ավելի ուշ Մեծամորի Ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը եւ հայտնել, որ 12-ամյա երեխային վրաերթի է ենթարկել ինքը` նշված մեքենայով:
Ըստ մեղադրական եզրակացության` Կնյազ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:Այսպես. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Կնյազ Բարսեղյանը 2012թ.հունիսի 26-ին` ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վարելով «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջները` ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` երթեւեկության համար վտանգն առաջացնելու պահից սկսած միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու, կամ լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն տալ 12-ամյա Լեւոն Թադեւոսյանին դուրս գալու ավտոմեքենայի ընթացագոտուց, որի արդյունքում վրաերթի է ենթարկել նրան եւ անզգուշությամբ պատճառել մահ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշենք, որ ոստիկանի նկատմամբ դատաքննության ամբողջ ընթացքոջմ խափանման միջոցը չի փոխվել եւ շարունակել է մնալ` ստորագրությամբ քաղաքից չհեռանալը:




























