NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 7-ին տեղի ունեցած դաժան սպանության մասին:
Երեւանում մայիսի 7-ին տեղի ունեցած դաժան սպանությունը, երբ կտրել էին 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը: Գործով ձերբակալված 25-ամյա Դավիթ Թամրազյանը ապրում է Ավան վարչական շրջանում Քուչակ թաղամասում: NEWS.am-ի թղթակցի նրա բնակավայր այցելության ժամանակ պարզվեց, որ վերջինս այդտեղ ապրել է մոր հետ` վարձով բնակարանում, սակայն ուղիղ 2 շաբաթ առաջ (դաժան սպանության օրերին-NEWS.am) արագ-արագ հավաքել են իրերը եւ հեռացել: Հարեւանները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ նրանք որեւէ մեկի հետ չէին շփվում, առանձնապես հարեւանություն չէին անում, եւ մեկ ամիս են ապրել այդ շենքում: Հետաքրքիրն այն է, որ ապրելով վարձով բնակարանում, նրանք երկուսն էլ գրանցված էին այդտեղ: Թե այժմ որտեղ է գտնվում երիտասարդի մայրը, հարեւանները չգիտեին, ասում են, թե Առինջում սեփական տուն ունեն, տեղափոխվել են այնտեղ:
Մեր տեղեկություններով` 25-ամյա Դավիթ Թամրազյանը խոհարար է, աշխատում էր «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում: Թեեւ ռեստորանից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեցին այս տեղեկությունները` հայտնելով, որ նա ընդամենը մեկ օր պրակտիկա է եկել, բայց քանի որ չեն հավանել նրա աշխատանքը, չեն վերցրել աշխատանքի: Մեր տեղեկություններով` նա սպանությունը կատարել է հենց ռեստորանից բերված խոհանոցային դանակով:Զրուցեցինք նաեւ Մարիամ Հունանյանի հարազատներից մեկի հետ: Նրանց ազգականներից Ռիման NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Թամրազյանին երբեւէ չեն տեսել եւ չեն ճանաչում: Նա նշեց, որ աղջիկը ամուսնացած էր Ալիկ անունով մի տղամարդու հետ, վերջինս, մեր տեղեկություններով, վերանորոգման աշխատանքներ է կատարում: Բայց մոտ 4 տարի առաջ զույգը ամուսնալուծվել է, ազգականի խոսքով` հավանաբար երեխա չունենալու պատճառով:
Այս դեպքի մասին այլ ուշագրավ մանրամասներ եւս հայտնի են դարձել: Մասնավորապես, մեզ հաջողվել է ճշտել, որ Մարիամը Դավիթի հետ ծանոթացել էր սրճարաններից մեկում աշխատելու ժամանակ, որոշ ժամանակ ընկերություն էին արել, հարաբերություններ ունեցել: Սակայն երիտասարդը այլ ընկերուհիներ եւս ուներ, ում հետ մահացածը վիճաբանություն, կռիվ էր ունեցել, նույնիսկ հարվածել էր վերջինիս իր իսկ ներկայությամբ: Աղջիկը նաեւ վատ արտահայտություններ էր արել Դավիթի մոր հասցեին, ինչը վերջնականապես հունից հանել էր երիտասարդին, եւ նա, իմանալով աղջկա թեթեւ վարքի մասին, հաստատապես որոշել էր սպանել նրան:
Որոշ ժամանակ վերջինիս հետ ձեւական ընկերություն է արել, որպեսզի հանգամանալից պատրաստվի սպանության: Դանակով կոկորդը կտրելուց հետո որոշել է այրել աղջկան, որպեսզի, իր իսկ խոսքով, միկրոմանրէները անհետանան: Ասում են` երիտասարդի մոտ սատանիստական հակումներ եւս եղել են:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանում դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով: Մեկ ամսից Մարիամը կդառնար 23 տարեկան: Մայիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում բերման է ենթարկվել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանը: Նա խոստովանել է, որ մայիսի 7-ի 23.20-ի սահմաններում հյուրընկալվել է Մարիամ Հունանյանին եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով սպանել է նրան:




























