58-ամյա Ջոնիկ եւ 74-ամյա Վոլոդյա Ավայանների դատավարությունն ավարտվել է: Վերջիններս մեղադրվում էին «Մայամի» հյուրանոցային համալիրը՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով, մարմնավաճառներին տրամադրելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Քննելով գործը դատարանը վճռել է Ջոնիկ Ավայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Վոլոդյա Ավայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Ջոնիկ Ավայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորեղբոր Վոլոդյա Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, Վ.Ավայանի կողմից փաստացի ղեկավարվող «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ ու պարագաներ: Ջ.Ավայանը իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան կայանել է Երեւան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում եւ մարմնավաճառներին` յուրաքանչյուրից 5 հազար ՀՀ դրամ վարձատրության դիմաց, թույլատրել է նստել ավտոմեքենայի մեջ, որտեղ վերջիններս իրենց մոտեցած հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ.Ավայանի համար:
74-ամյա Վոլոդյա Ավայանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբորորդու` Ջոնիկ Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից փաստացի ղեկավարվող «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ ու պարագաներ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 1,5 մասով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ երկու կամ ավելի անձանց օգտագործելով:




























