23-ամյա Արթուր Մ.-ն «Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի եւ վարձույթի խանութում 450 դրամով ապօրինի պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր է տարածել: Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Արթուր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երեւան քաղաքի Ս.Տարոնցի փողոցի 2 հասցեում գտնվող «Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի եւ վարձույթի խանութում որպես վաճառող նույն խանութի հաճախորդ Արտակ Հարությունյանին յուրաքանչյուրը 450 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով`պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը : Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Գործը կողմերին է ուղարկվել մայիսի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























