45-ամյա Կարեն Ս.-ն, Երեւանում գտնվող իրենց տանը, վեճի է բռնվել մոր` Գեղանուշ Մ.-ի հետ, հետո ծեծելով սպանել նրան:  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 45-ամյա Կարեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլ գործածած վիճակում, Երեւան քաղաքի իրենց տանը վեճի է բռնվել մոր` Գեղանուշ Մ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ հրել գցել է բետոնե հատակին: Դրանից անմիջապես հետո, նա ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Գեղանուշ Մ-ի մարմնի տարբեր մասերին եւ ապօրինաբար զրկել կյանքից:

Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15  տարի ժամկետով: Խափանման  միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական քննությունը նշանակվել է մայիսի 21-ին: