ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքում սպանվել է «Արարատբանկի» նախկին աշխատակից Արա Տերունյանը: «Գլենդել Նյուզ Պրես»-ի փոխանցմամբ՝ Նորդ Հոլիվուդ թաղամասում չորեքշաբթի օրը 35-ամյա Տերունյանն ու նրա կինը իրենց" Լեքսուս SUV" մակնիշի մեքենայում նստած սպասելիս են եղել բժշկին, երբ մարդասպանը մոտեցել եւ կրակել է նրանց վրա: Ականատեսների պատմելով՝ 7 կրակոց է արձակվել: Մարդասպանը սպանությունից հետո հեռացել է իր կապույտ գույնի, առանց համարանիշների մեքենայով: Մեկ այլ ականատես էլ ոստիկանությանը հայտնել է, որ մարդասպանը եղել է սեւամորթ, մոտ 180 սմ հասակով:
Տերունյանի ընկերը՝ Հովիկ Դադասյանը կայքին տեղեկացրել է, որ Արա Տերունյանի կինը հղի է եղել: Ըստ Դադասյանի՝ Արա Տերունյանը ժամանակին նաեւ աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում:
Ի դեպ, «Արարատ բանկից» NEWS.am-ին հայտնեցին, որ Արա Տերունյանը ներկայումս իրենց աշխատակիցը չէ, այլ 6-7 տարի առաջ աշխատել է որպես «Արարատբանկի» տնօրենի տեղակալ:
Հիշեցնենք, որ «Արարատբանկի» սեփականատերը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է:


























