Փետրվարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի հայ երիտասարդությունը ոտքի էր ելել իր ընդվզումը հայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության դեմ: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, մի քանի տասնյակ մարդ, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև և պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց ձեռքին եղել են պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Սումգայիթի ցեղասպանությունը ոճիր է մարդկության հանդեպ», «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտություն Սումգայիթի ոճրագործության մասին», «Սումգայիթի հանցագործները ցայսօր անպատիժ են», «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում» եւ այլն:

Ցուցարարները պահանջել են պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: