Փետրվարի 26-ի առավոտյան Ստամբուլի ոստիկանության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողության արդյունքում ձերբակալված թուրք հայտնի փոփ երգիչ Տարկանի եղբայրը երեկոյան այցելել է եղբորը եւ հետը բերել գիրք եւ հագուստ:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` հայտնի երգչի եղբայր Հաքան Թեւեթօղլուն ոստիկանությունից դուրս գալուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Հաքանը լրագրողներին հայտնել է, որ տվյալ պահին Տարկանին հարցաքննում են, նա իրեն շատ լավ է զգում եւ իրենից խնդրել էր բերել գրքեր եւ հագուստ:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ստամբուլի ոստիկանությունը մոտ 6 ամիս հետեւել է Տարկանին եւ նրա հետ միասին ձերբակալված 10 հոգուն: Տարկանի եւ մյուսների հաշվով դատարանը մեղադրանք կառաջադրի մարտի 1-ին: