Դանիական մեծ տպաքանակ ունեցող Politiken թերթը իր թերթի համարի առաջին էջում ներողություն է խնդրում մահմեդականներից` հետեւյալ տեքստով. «Politiken թերթը հրապարակելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, երբեք նպատակ չի ունեցել վիրավորելու եւ նվաստացնելու մահմեդականների ինքնասիրությունը: Այդ պատճառով մեր ծաղրանկարների հետեւանքով վիրավորված անձանցից ներողություն ենք խնդրում»:

Հիշեցնենք, որ Մուհամեդ մարգարեի պատկերով 12 ծաղրանկարները դեռևս 2005թ. սեպտեմբերին առաջին անգամ հրատարակել է դանիական «Յուլլանդս-Պոստեն» թերթը: Դրանից հետո ծաղրանկարները վերահրատարակվել են Նորվեգիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: 2006 թվականի սկզբներին այդ ծաղրանկարների հետ կապված պատմությունը բարձրացավ միջազգային մակարդակի, քանի որ իսլամական կոնֆերանսի կազմակերպության և արաբական լիգայի անդամ երկրները ցանկանում էին մահմեդականների համար վիրավորական ծաղրանկարների հարցը դնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի քննարկմանը: Բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան թե՛ մահմեդական երկրներում, թե՛ Եվրոպայում: