Փետրվարի 27-ին Աղվերանում մեկնարկել է Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ընկերությունների առաջնորդների առանց փողկապների հանդիպում- խորհրդաժողովը:
Ինչպես Աղվերանից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, խորհրդաժողովին մասնակցում են մոտ 60 ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում քննարկվող հիմնական թեման ճգնաժամին եւ հետճգնաժամային ժամանակահատվածին վերաբերող խնդիրներն են, թե ինչպես հաղթահարել ճգնաժամն ու դրա հետեւանքները` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Բացման խոսքում «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով հնարավոր է արդյունավետ լուծումներ գտնել, մասնավորապես` ավելացնել եկամուտներն ու նվազեցնել ծախսերը, ընդ որում մի քանի անգամ բարձրացրել արտադրողականությունը:
«Մայքրոսոֆթ» ընկերությունում մեկ աշխատակցի տարեկան արդյունավետությունը հավասար է 1 միլիոն դոլարի: Հայաստանի ներկայացուցչությունում ցանկանում ենք այդ թիվը հասցնել 60 հազար դոլարի",- ասաց Գ. Վարդանյանը: Անդրադառնալով գրասենյակներում ընկերությունների կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիաների կիրառման մոդելներին, նա նշեց, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունն այդ մոդելները բաժանում է 4 մասի. Հիմնական (Basic), ստանդարտ, ռացիոնալ եւ դինամիկ: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում տարածված է Basic տարբերակը, ըստ որի` գրասենյակներում օգտագործում են համակարգչային խումբ, որոնք միմյանց միացված է ընդհանուր ցանցով եւ տարբեր համակարգիչների դիմաց նստած աշխատակիցները կարողանում են օգտվել միմյանց համակարգչների կրիչներից:
Գ. Վարդանյանն ընդգծեց, որ նման ձեւը մյուս երեք մոդելների համեմատությամբ ոչ արդյունավետ է, ծախսերն են շատ, իսկ անվտանգության տեսակետից էլ ընդունելի չէ:
Համաժողովի ընթացքում IT ոլորտի ներկայացուցիչներն իրենց զեկույցներում նշում էին նորարարության եւ երիտասարդ մասնագետների համագործակցության անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ այս ոլորտի զարգացման հնարավորությունների մասին քննարկումներ են լինելու:
Տեղեկացնենք, որ համաժողովի աշխատանքները կտեւեն փետրվարի 27-28-ը: Թեեւ այսօր համաժողովին կառավարությունից որեւէ պետական պաշտոնյա ներկա չէր, սակայն վաղը համաժողովին ներկա կլինի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



















