Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի ժամանակ նրան է հանձնել Վլադիմիր Պուտինի պատասխան նամակը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը: Նամակը վերաբերում է  պետությունների երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին եւ տարբեր բնագավառներում հնարավոր հեռանկարներին, նշում է rbc-ն:

Պատրուշեւը բանակցել է ամերիկացի իր գործընկերոջ` ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Թոմ Դոնիլոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում էլ պաշտոնյաներին է միացել ԱՄՆ-ի նախագահը, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաստատել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը:

Ըստ RT-ի` Պուտինի ուղերձը նվիրված է առաջին հերթին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին եւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին: Նամակում բարձրացվում են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի իրադրությանն առնչվող հարցեր:

Ապրիլի 15-ին Վլադիմիր Պուտինը Դոնիլոնի միջոցով ստացել էր Բարաք Օբամայի ուղերձը։ Դրանում կար առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկ, անդրադարձ էր արվում նաեւ ռազմատեխնիկական համագործակցութան հարցերին, այդ թվում` ՀՀՊ-ին եւ միջուկային խնդրին առնչվող: