FEMEN շարժման  կիսամերկ ակտիվիստուհին ներխուժել է Փարիզի Աստվածամոր տաճար եւ կանգնելով խորանի առջեւ պլաստիկե ատրճանակը պահել է բերանի մեջ ու ինքնասպանություն բեմադրել:

Աղջկա մերկ կրծքին գրված է եղել «Այրվիր դժողքում, ֆաշիզմ», իսկ մեջքին՝ «In gay we trust» (Մենք հավատում ենք գեյերին):

Ակտիվիստուհուն անմիջապես ձերբակալել են, իսկ տաճարն այդ սկանդալային ակցիայից հետո որոշ ժամանակով փակվել է:

FEMEN շարժման առաջնորդ Իրինա Շեւչենկոն ակտիվիստուհու ակցիան մեկնաբանել է The Huffington Post-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ բողոքի ակցիան ուղերձ է նրանց, ովքեր «պաշտպանում են ֆաշիզմը եւ սգում մի քանի օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարում ինքնասպան եղած ուլտրաաջ զինվորականի մահը»:

Հիշեցնենք, որ FEMEN շարժումը ստեղծվել է Ուկրաինայում, 2008 թվականին, որի նպատակը Արեւելյան Եվրոպայի կանանց իրավունքների պաշտպանությունն է խտրականությունից: