«1988 թ. փետրվարը շատ լարված էր. հանրահավաքներ Ստեփանակերտում, մարզային խորհրդի որոշումը՝ Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից եւ միացնել Խորհրդային Հայաստանին եւ այլն»,- փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ օրերի դեպքերը վերհիշեց «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը։

Նրա խոսքով, հենց այս գործողությունները պատճառ դարձան, որ ադրբեջանական կողմը, ի պատասխան, հայ ազգաբնակչության ջարդեր կազմակերպի Սումգայիթում։ «Եթե ադրբեջանցիներին հնարավորություն ընձեռվի, նրանք նույնը կանեն նաեւ այսօր»,- համոզմունք հայտնեց Բ. Կարապետյանը՝ ավելացնելով, որ Խոջալուի դեպքերն ադրբեջանցիների կողմից կազմակերպվեցին՝ կոծկելու համար Սումգայիթյան ոճրագործությունը։

«Որպես հեռուստատեսության աշխատող՝ ես այդ օրերին վերցրեցի տեսախցիկը եւ գնացի Սումգայիթ։ Այնտեղ հարցազրույցներ ունեցա ջարդերից տուժածների եւ ականատեսների հետ, ինչի արդյունքում էլ ծնվեցին սումգայիթյան ջարդերի մասին պատմող „… Եվ նրա շուրջ“ գիրքն ու „Սումգայիթյան ալիքներ“ ֆիլմը»,- տեղեկացրեց Բ. Կարապետյանը։

Նշելով, որ գրքում տեղ են գտել ութօրյա դիտարկումներից ծնված իր գրառումները, հեղինակը վստահեցրեց, որ դրանք բացառապես իրական պատմություններ են. «Իսկ ֆիլմի եւ իմ կողմից արված ավելի քան հարյուր այլ տեսաերիզների մասին կարող եմ ասել, որ բոլոր կադրերը նկարահանված են ամենաթեժ կետերում»,- տեղեկացրեց հիմնադրամի ղեկավարը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ իր արխիվային նյութերից շատերն Ադրբեջանն այսօր օգտագործում է իբրեւ սեփական նյութեր. «Ադրբեջանական կողմից տարածվող սուտը շատ է, եւ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի տեղեկատվական դաշտում կարողանանք հակազդել այդ ստին»,- կարծիք հայտնեց Բ. Կարապետյանը։

Անդրադառնալով իր կողմից հեղինակած մեկ այլ՝ «Արցախյան գոյամարտի համահավաք» գրքին՝ հեղինակը նշեց, որ դրա արդեն իսկ հրատարակված երեք հատորների կողքին ինքը ծրագրում է լույս ընծայել եւս տասներկուսը. «Ես հսկայական արխիվ ունեմ, նյութերը պատրաստ են, մնում է միայն հովանավորների հարցը լուծել»,- ամփոփեց Բ. Կարապետյանը։