Թուրքական Milliyet-ի սյունակագիր Սեմիհ Իդիզը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարություններին եւ անվանել դրանք պարզապես դատարկ խոսքեր։
Հրապարակման մեջ նշվում է, որ միայն ադրբեջանական կողմի միլիարդների հասնող ռազմական ծախսերը չեն կարող երաշխավորել պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ դրա օրինակը աշխարհում շատ կա, այսինքն, հաղթանակը կապված է մարդկային գործոնի հետ։
«Իսկ ադրբեջանական բանակի մասին միջազգային զեկույցները ստիպում են մեզ, որ լուրջ կասկածներ ունենանք, թե Ադրբեջանը մենակ կարող է հաղթել պատերազմում։ Բացի այդ, հայտնի չէ, թե Ադրբեջանը պատերազմ սկսելու պարագայում՝ որ երկրից է ռազմական կամ դիվանագիտական աջակցություն ստանալու։ Մի՞թե Ադրբեջանին օգնության կգա թուրք-հայկական սահմանը պահող Ռուսաստանը։ Բաքուն տեսնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դանդաղեցման համար ԱՄՆ-ը բարկացած է Թուրքիայի վրա եւ իր հայացքը կտանի դեպի Մոսկվա։ Բայց տրամաբանությանը հակառակ է, որ Բաքվի ռազմական գործողություններին Մոսկան կաջակցի։ Հայտնի է, որ Բաքվին չի աջակցի Մինսկի խմբի անդամաներից որեւէ երկիր։ Ադբեջանին կրոնակից Իրանից աջակցությունը սպասելը նույնպես անհավանական է։ Ադրբեջանական փոքրամասնության ազգայնականների հետ խնդիրներ ունեցող Իրանը նաեւ մոտ հարաբերություններ ունի Երեւանի հետ։ Մնում է Թուրքիան։ Նման պատերազմի դեպքում Ադրբեջանը թուրք ազգայնական հատվածից հնարավոր է օգնություն ստանա։ Հնարավոր է նաեւ՝ դիվանագիտական աջակցություն, սակայն Բաքուն ենթադրում է, որ Անկարան բացահայտ ռազմական աջակցություն ցույց չի տա։
Այլ կերպ ասած՝ ուզած-չուզած Ղարաբաղի հարցը լուծվելու է դիվանագիտական ճանապարհով, իսկ Ալիեւի եւ Աբիեւի ռազմատենչ հայտարարությունները դատարկ խոսքեր են։
Միեւնույնն է մեր ադրբեջանցի եղբայրները բարկանան էլ՝ պետք է նշենք, որ նրանց ղեկավարների խոսքերը բոլորովին իրատեսական չեն»,-ավարտում է իր հրապարակումը Սամիհ Իդիզը։



























