Այսօր` փետրվարի 27-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Վասիլի Սոֆիաս պողոտայի սկզբնամասում, ուր տեղակայված է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, առավոտյան ժամը 11-ի մատույցներում սկսվել է խրոխտ կոչերով ու վանկարկումներով ուղեկցվող ցույց:

Հունահայ համայնքի երիտասարդների բազմությունը երթով առաջանալով դեպի Ադրբեջանի դեսպանատուն` նրա առջև պարզել է Հայաստանի ու Արցախի դրոշները, 22 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ժողովրդի դեմ գործված ցեղասպանական ոճրագործությունը դատապարտող, արդարություն ու հատուցում պահանջող պաստառները:

Հունաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած ցույցի ու պիկետի նպատակն էր միանալ աշխարհի բոլոր երկրների հայությանը, որն այս օրերին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ անմարդկային ու հրեշավոր, սակայն 22 տարի շարունակ միջազգային հանրության կողմից այդպես էլ չդատապարտված ու չպատժված սումգայիթյան ոճրի:

Հենց այդ անպատժելիությունն էր, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, որ մարդկային բազմաթիվ անմեղ կյանքեր խլած սպանդի կազմակերպպիչներին ու իրականացնողներին հանդգնություն տվեց այդ ոճրագործությունը հետագայում կրկնել Կիրովաբադում ու Բաքվում, Ղազախում ու Խանլարում, Դաշքեսանում ու Մինգեչաուրում, Ադրբեջանի բոլոր այն վայրերում, ուր գեթ մեկ հայ էր ապրում: Ուստի ցույցի նախաձեռնողները ևս մեկ անգամ իրենց համերաշխությունն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր այսօր հիշում ու հիշեցնում են սումգայիթյան ողբերգության մասին: