Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության եւ ադրբեջանական նավթը Նովոռոսիյսկի խողովակաշարով փոխադրելու վերաբերյալ պայմանագրերի չեղյալ հայտարարելու պատճառը տնտեսական է: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Մեզ համար կարեւոր է, որպեսզի առեւտրային հարաբերություններում քաղաքականություն չլինի»,-ասել է նա՝ հավելելով. «Պետք չի սեւ կատու փնտրել մութ սենյակում, առավել եւս, որ այնտեղ կատու չկա»:
Նշելով, որ եւ Մոսկվան, եւ Բաքուն հարգում են իրենց շահերը, Մամեդյարովը հայտարարել է, որ «այդ ամենը կոչվում է ռազմավարական գործընկերություն»:
Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ուղիների եւ այդ նպատակներով Կասպյան տարածաշրջանն օգտագործելու հնարավորության մասին, Մամեդյարովը երեք ուղղություն է մատնանշել. «Դրանցից մեկն, այսպես կոչված, Հյուսիսային երթուղին է՝ Ուզբեկստանով եւ Ռուսաստանով, երկրորդ՝ Կարաչիով եւ երրորդը՝ օդանավով մինչեւ Բաքու, ապա երկաթուղով կամ մինչեւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ կամ Թուրքիա, եթե շարքից դուրս գա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով»:
«Բոլոր երեք երթուղիներն էլ քննարկվում են եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կորոշի, թե որը կընտրվի»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:



























