«Վերին Լարս» անցակետի բացումից Վրաստանը տնտեսական շահ չի ակնկալում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը։

Փոխնախարարի խոսքով, տեղի բնակիչները չեն օգտվելու արտոնություններից։ Վրաստանի մուտքի վիզաներ կարելի է ստանալ միայն Շվեյցարիայի դեսպանատան ռուսական բաժնից, եւ հակառակը՝ ՌԴ մուտքի վիզա հնարավոր է ստանալ միայն Շվեյցարիայի դեսպանատան վրացական բաժնից։

Ինչ վերաաբերում է անցակետի բացումից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, Նալբանդովը նշել է, որ հաղորդակցության վերականգնումը չի նշանակում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ներկայումս օկուպացրած Վրաստանի տարածքների 20 տոկոսը»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ «Վերին Լարսի» անցակետի շահագործումը դադարեցվել է 2006 թվականից։ Վերանորոգելու նպատակով այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ։

Փետրվարի 25-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր ռուսական կողմի՝ մարտի 1-ից անցակետը բացելու որոշման մասին։ Հաջորդ օրն այդ տեղեկատվությունը հաստատել էր նաեւ պաշտոնական Թբիլիսին։