Այսօր` փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական շախմատի ականավոր դեմքերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ներկա է եղել Հենրիկ Գասպարյանի հուշաքարի բացման արարողությանը, այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել Հ. Գասպարյանի եւ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

«Այսօր մեր շախմատային հանրության համար մեծ եւ գեղեցիկ տոն է: Մենք նշում ենք շախմատի ակնառու ու նշանավոր գործիչերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակը: Ցանկացած մարդ, ով մոտ է շախմատին, ծանոթ է նրա հարուստ ժառանգությանն ու ներդմանը շախմատի զարգացման գործում` ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում»,- նշել է վարչապետը, ընդգծելով, որ Հենրիկ Գասպարյանի կազմած էտյուդներն եւ դասագրքերը բազմաթիվ տաղանդաշատ շախմատիստների համար եղել են ուղենիշ:

Իր խոսքում նա կարեւորել է նաեւ շախմատի պրոպագանդումն ու հայկական շախմատային դպրոցի հեղինակության շարունակական բարձրացումը: Տ. Սարգսյանը միջոցառման կազմակերպիչների ու պատվո հյուրերի հետ միասին մարել է Հենրիկ Գասպարյանի հարյուրամյակին նվիրված նամականիշերը: Հանդիսության ավարտին Տիգրան Սարգսյանը մրցանակներ է հանձնել Հայաստանի շախմատային խնդրիների ու էտյուդների լուծման անդրանիկ առաջնության հաղթողներին: