Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի լիդերների առանց փողկապների հանդիպում-խորհրդաժողովին գործարարների մասնակցությունը գոհացուցիչ չէ: Այս մասին համաժողովի ամփոփիչ ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հավելելով, որ ճգնաժամային տարվա շրջանակներում հատկապես գործարարներին պետք է հետաքրքրեր տեղեկատվական տեխնոլոգիաներով բիզնեսի արդյունավետության բարձրացմանը վերաբերող այս խորհրդաժողովը:

«Խորհրդաժողովում քննարկված հարցերը վերաբերում էին բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, ինչի քննարկումը սակայն տեղի ունեցավ ոլորտի մասնագետների եւ ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների, ընկերությունների միջեւ»,- նշեց Կ. Վարդանյանը, հավելելով, որ կարեւոր է, որ այս տարի իջեցվեն ՏՏ ոլորտի նկատմամբ մաքսատուրքերը՝ արտահանման եւ ներմուծման վրա, ինչպես նաեւ կրթական համակարգում գործող հաստատություններին թույլ տրվի, որ իրենց շահույթի ոչ թե 0,25 այլ 1 տոկոսի չափով իրավունք ունենան ներդումներ անել իրենց դպրոցներում:

Տեղեկացնենք, որ խորհրդաժողովին մասնակցում էին մոտ 60 ընկերությունների 100 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում քննարկվող հիմնական թեման ճգնաժամին եւ հետճգնաժամային ժամանակահատվածին վերաբերող խնդիրներն են, թե ինչպես հաղթահարել ճգնաժամն ու դրա հետեւանքները` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ փետրվարի 28-ին: Վաղը հնարավոր է համաժողովին մասնակցի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: