Այսօր առավոտյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ տեղի է ունեցել հերթական միջադեպը կարմիրբերետավորների մասնակցությամբ. Մի տարբերությամբ,որ բռնության են ենթարկվել նաեւ կոալիցիային մինչեւ վերջերս մաս կազմող դաշնակցության ներկայացուցիչները, անգամ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ժամը 10.30-ի սահմաններում մի խումբ երիտասարդական, ուսանողական կազմակերպություններ եւ դաշնակցական գործիչներ բողոքի ակցիա էին իրականացնում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բողոքավորները փորձում էին Վրաստանի նախագահին հանձնել Ջավախքի խնդիրներին վերաբերող իրենց կոչը, երբ նրանց վրա են հարձակվել ոստիկանները ու ծեծկռտուք սարքել: Կիրո Մանոյանը նստել է գետնին, բայց կարմիրբերետավորները դաժանաբար ծեծի են ենթարկել նաեւ դաշնակցական գործչին, իսկ երիտասարդներին բնռի կերպով հեռացրել են Հանրապետության հրապարակի մերձակայքում գտնվող փոստի շենքի մոտ:
Մանոյանը, սակայն, այնքան էլ «նեղված չէր» ոստիկանների գործողություններից: Երբ լրագրողները Մանոյանին հարցրել են, որ եթե Հայաստանում են բռնություններ գործադրում հայերի նկատմամբ, ինչու են իրենք բողոքում միայն Վրաստանի իշխանությունների բռնությունների դեմ, դաշնակցական գործիչը զայրացել է եւ հայտարարել. «Ամեն ինչ մի ցածրացրեք»: Ավելին, Մանոյանը հայտարարել է, թե չի դժգոհում իր նկատմամբ կատարված բռնության դեմ:



























