Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան կոչ է արել խստորեն հետեւել Ռուսաստան այցելով ներգաղթյալների առողջությանը: Նա պաշտպանել է մերձավոր արտասահմանից ժամանողների համար վիզային ռեժիմ սահմանելու գաղափարը: «Խնդիրն այն է, որ մենք անօրինական միգրանտների մեծ հոսք ունենք: Մենք չգիտենք, ինչով են նրանք գալիս, իսկ կան տարբեր վարակներ, տուբերկուլյոզի բաց տեսակներ որոնք փոխանցվում են արյան միջոցով: Իհարկե, այդ հարցում պետք է խիստ լինել, պետք են վիզաներ, որպեսզի սահմանափակենք ապօրինի միգրացիան»,-հայտարարել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օրինական ներգաղթյալների նկատմամբ, ըստ Սկվորցովայի, ԵվրԱզԷս-ի շրջանակներում մի ամբողջ համակարգ է մշակվել, որը թույլ է տալիս հետեւել նրանց առողջական վիճակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին առաջարկել է միգրացիոն հոսքերը կանոնակարգելու նպատակով ԱՊՀ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել:
ԱՊՀ-ի քաղաքացիներին հրավերո՞վ են Ռուսաստան թողնելու
Իսկ Մոսկվայի ոստիկանությունն առաջարկել է նախապես երկիր մտնողներից գումար վերցնել՝ հնարավոր արտաքսման ծախսերի համար:



























