ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարծիքով՝ մի շարք փաստաբաններ ավելի շատ քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում 2009թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքերի հաշվետվության ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ասել է. «Ցավոք, մի շարք փաստաբաններ ավելի շատ, ուղղակի, քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ»:

ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն իր հերթին նշել է. «Առանձին փաստաբաններ սկսել են մեկտեղել փաստաբանական գործունեությունն ու քաղաքականությունը՝ հանդես գալով քաղաքական տիտղոսներով, միջնորդությունների անվան տակ ներկայացնելով քաղաքական հայտարարություններ»։ Ավելին, Միրզոյանը արժանի հակառակորդ է ուզում:

«Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ, որակյալ փաստաբանական ծառայություններ, արժանի հակառակորդներ ունենայինք՝ օրենքի սահմաններում աշխատող, իրենց իրավաբանական գիտելիքները դրսեւորող, ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող»,- ըստ «7օր» կայքի՝ նշել է Միրզոյանը:

Ի դեպ, NEWS.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ նույն այդ ձեւակերպումներով կուզենար դիմել ՀՔԾ պետին: Փաստաբանների պալատի նախագահը չբացառեց, որ կարող են լինել փաստաբաններ, որոնք ավելի շատ զբաղվում են քաղաքականությամբ: «Բայց ինչ վերաբերում է որակին, ինչ վերաբերում է այն ձեւակերպումներին, որ իրենք են տվել, կրկնակի անգամ առավել ես կցանկանայի, որ իրենք ունենան որակյալ կադրեր»,- գլխավոր դատախազին ու ՀՔԾ պետին պատասխանեց Ռուբեն Սահակյանը: