Ռուսաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները «օրենքով գողերի» ոչ պաշտոնական մարդահամար են անցկացրել։ Ուժայինները Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում մոտ 500 քրեական հեղինակություն են հաշվել։

Քրեական հետախուզության գլխավոր վարչության տվյալով՝ ազատության մեջ 428 «օրենքով գող» կա, եւս 73-ը Ռուսաստանի բանտերում ու գաղութներում են, երեքը՝ այլ  երկրների, գրում է «Իզվեստիան»։ Մութ անցյալը հանցագործներին չի խոչընդոտում օրինական բիզնեսով զբաղվելիս. Նրանք հաստատվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, ԱՄԷ-ում։ Հանցագործների էթնիկ կազմը գործնականում չի փոխվել, մեծ մասը նախկինի պես վրաստանցիներ են։

Վերջին տարիներին Ռուսաստանի ՆԳՆ-ում հրատարակվել են ներգերատեսչական ուղեցույցներ` նվիրված օրենքով գողերի դեմ պայքարին: Դրանցից վերջինը լույս էր տեսել 2012թ. հոկտեմբերի 30-ին: Դրա պատճառն էր Տարիել Օնիանիի (Տարո) եւ նախկինում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գլխավորած  կլաններում հակամարտությունների ակտիվությունը: Շուտով Տարոն հայտնվեց բանտում, եւ կլաններում իշխանափոխություն սկսվեց:  2012թ. երկու խմբավորումներն էլ սկսեցին  ակտիվորեն նոր օրենքով գողերի թագադրել. միայն 2012թ. դեկտեմբերին ԱՄԷ-ում «քրեական գեներալի» կարգավիճակ էր ստացել միանգամից 16 մարդ: 

2012թ. Ռուսաստանի ՆԳՆ-ն ձերբակալել էր 18 օրենքով գողի: Նրանց մեծամասնությունը ճաղերի հետեւում էին հայտնվել  թմրանյութերի պատճառով, երկուսը` սպանության: Վերջապես, 11 մարդու մեղադրել էին միգրացիոն օրենքի  խախտման մեջ եւ արտաքսել Ռուսաստանից: 2013թ. երեք ամիսների ընթացքում ՆԳՆ-ն կանխել է քրեական հեղինակությունների երեք խոշոր հավաք եւ ձերբակալել 10 օրենքով գողի: