Այսօր` մարտի 1-ի երեկոյան Երեւան է ժամանում ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը, որը գլխավորում է ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: ՀՀ ղեկավարության հետ ԵՄ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը նշել է, որ այս այցի շրջանակներում դիվանագետները մտադիր են քննարկել ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, այլեւ լայնորեն անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությունը։
«Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներում եվրոպացի դիվանագետները հիմնականում անդրադառնալու են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, քանի որ հենց դա է այս այցի առանցքային նպատակներից մեկը»,-ասել է Մայքլ Քեմբեքը։
Հավելենք, որ ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի ու քաղաքական ուժերի հետ բանակցություններից բացի, ԵՄ պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ ՀՀ նախարարություններին եւ վարչական օղակներին խորհրդատվություններ տրամադրող եվրոպացի փորձագետներին։



























