Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը բողոքել է  անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների հետաքննությանը լուրջ խոչընդոտելու դեմ:  Նա այն տպավորությունն է ստացել, որ «իշխանական որոշ մարմիններում լոբբի կամ մաֆիա է գործում, որը երեխաների շատ բռնաբարողների թույլ է տալիս խուսափել պատասխանատվությունից»:

Այս մասին Բաստրիկինը հայտնել է Ռուսաստանի նախագահին կից Համակարգող խորհրդի նիստում, հայտնում է rbc-ն:

Բաստրիկինը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. 2012թ.  անչափահասների նկատմամբ իրագործվել է երկու հազար ծանր հանցագործություն, հիմնականում` բռնաբարություն: Զոհվել  են 165 երեխաներ, 450-ն ստացել են առողջական լուրջ վնասվածքներ: Խոսելով երեխաների շրջանում ինքնասպանության խնդրի մասին` Բաստրիկինը նշել է, որ 2012թ. այդ պատճառով մահացել է 1,5 հազար անչափահաս: Ընդ որում, Ռուսաստանի ՔԿ-ի ղեկավարը լրատվամիջոցներին մեղադրել է  երեխաներին ինքնասպանության դրդելու  համար: