Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողների հետ շփվելու յուրօրինակ ռազմավարություն ունի: Հարցերին չպատասխանելու համար նա ինքն է փորձում լրագրողներին հարց ուղղել` մոռանալով, որ որպես պաշտոնյա ինքն է պարտավոր հարցերին պատասխանել, ոչ թե լրագրողները:

Մայիսի 28-ին Սարդարապատ հուշահամալիրում NEWS.am-ի թղթակիցը մոտեցավ ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանին, ում հարեւանությամբ էլ նստած էր Կարեն Գրիգորյանը: Խնդրեցինք վերջինս պատասխանել մեր մի քանի հարցերին, վերջինս չհրաժարվեց եւ պատասխանեց հոժարակամությամբ: Նրա փոխարեն  «նեղվեց» Կարեն Գրիգորյանը` ասելով, թե «խաբեց, շատ հարց տվեց»: Մանվել Գրիգորյանի որդու համբերության բաժակը լցվեց, երբ Սեդրակ Սարոյանին հարցրինք նստացույց անող ազատամարտիկներից եւ նրանց բարձրացրած խնդիրներից: 

Փորձեցինք մի քանի հարցերի պատասխաններ էլ ստանալ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից:  Նրանից հետաքրրքվեցինք, թե Արմավիրի մարզի մի շարք գյուղեր տուժել են կարկուտից, նրանց որեւէ օգնություն ցուցաբերելու է, թե ոչ: Քաղաքապետը, փոխարեն պատասխանի մեր հարցին, հարց ուղղեց լրագրողներին` թե «դուք ի՞նչ եք արել արմավիրցների համար, ինչ ես արել գյուղացու համար` որպես հայ, ես մարդ եմ, դու էլ ես մարդ, սահմանադրությունը հավասար է գրած ինձ համար էլ, քեզ համար էլ, քո աշխատանքով դու գյուղացուն ինչ ես տվել, Էս գյուղացին, որ էսքան վարկերի  տակ ճռում է, ինչ ես արել էս գյուղացու համար»:

Երբ քաղաքապետի հարցերին ի պատասխան հայտնեցինք, որ մեր լրագրող ենք եւ մեր աշխատանքն եք կատարել, իսկ նա պաշտոնյա, ով ի պաշտոնե պարտավոր է օգնել բնակիչներին, նա բնականաբար չէր լսում եւ անընդհատ կրկնում էր, թե ինքը հայ է, մենք էլ ենք հայ, երկուսս էլ հավասար ենք:

«Եկել եք նենց եք ասում, կյանքում մի հատ լուցկու հատիկ առած չկաք, մունաթ գալուց բացի ուրիշ բան չեք կարող անել: Ի՞նչ ես արել դու հայ գյուղացու, Արմավիրի մարզի համար: Այդ սահմանադրությունը իմ եւ քո համար է գրած, որ պետք է հավասար լինենք, ես ու դու նույն պայմաններն ունենք, ինչքան դու կարաս հարց տաս, էնքան էլ ես»,- ասաց նա: Մանվել Գրիգորյանի որդու պահվածքը նույնիսկ նյարդայնացրեց հարեւանությամբ նստած Սեդրակ Սարոյանին, ով նրան փորձում էր ուղղորդել, թե «ասա` ռոճիկս կփոխանցեմ պրծի էլի, էս ամսվա ռոճիկը տալու է»: