Փետրվարի 26-ին Անկարայում 2 ամսից ավել գործադուլ անող պետական մենաշնորհային TEKEL ձեռնարկությունների աշխատակիցների մի մասը մտել էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայի նահանգային գրասենյակ եւ կարգախոսներ հնչեցրել, որից հետո ժամանած ոստիկանության ուժերը ձերբակալել էին 18 գործադուլավորի:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` դատախազության կողմից հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել 14 աշխատավորներ, իսկ 4-ը` ներկայացվել են դատարան, որոնք դատարանից նույնպես ազատ են արձակվել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ պետությունը ցանկանում է սահմանափակել TEKEL-ի 13 հազար աշխատակիցների իրավունքները, կրճատել աշխատավարձերը եւ նրանց ընդգրկել 4/C համակարգում: Թուրքիայի ղեկավարությունը ոչ մի կերպ չի գնում զիջման եւ պնդում է, որ գործադուլավորներն օրենք են խախտում:
4/C համակարգը նշանակում է, որ աշխատողները նախկինում ստացած 1300 լիրայի (350 հազար դրամ) փոխարեն կստանան 950 լիրա (280 հազար դրամ) աշխատավարձ: Նրանք զրկվում են արհմիությունների անդամ լինելուց, աշխատանքի ժամկետը սահմանվում է 10 ամիս եւ այդ շրջանը չի համարվում աշխատանքային ստաժ:



















