Հոնդուրասի երկու ամենախոշոր եւ ամենավտանգավոր հանցավոր խմբավորումները, որոնք բնակչության շնչի հաշվով սպանությունների թվով աշխարհում առաջին տեղն են գրավում, հրադադար են հայտարարել:

Հրադադարի մասին նրանք հայտարարել են բանտերում կազմակերպված երկու մամուլի ասուլիսներում: Խոսքը «Մարա Սալվատրուչա» եւ «Մարա 18» խմբավորումների մասին է, հաղորդում է Associated Press-ը:

Այդ խմբավորումներում հույս ունեն, որ իշխանություններն իրենց անդամներին ռեաբիլիտացիայի եւ աշխատատեղերի առաջարկ կանեն, նշում է BBC News-ը:

Երկրի կառավարությունում արդեն հայտարարել են, որ պաշտպանում են հրադադարի որոշումը:

Հրադադարի շուրջ բանակցությունները խմբավորումների միջեւ (իշխանությունների եւ կաթոլիկ եկեղեցու մասնակցությամբ) տեւել են 8 ամիս, գրում է Lenta.ru-ն:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հոնդուրասում 2011 թվականին, 100 հազար բնակչի հաշվով տեղի է ունեցել մոտ 92 դիտավորյալ սպանություն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ողջ աշխարհում: Ամեն օր Հոնդուրասում սպանվում է մոտ 20 մարդ:

«Մարա Սալվատրուչա» եւ «Մարա 18» խմբավորումները գործում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Կենտրոնական ու Լատինական Ամերիկայի այլ երկրների տարածքներում: