Երեւանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմեքենաների կայանման 23 եւ ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների եւ ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:

Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների, ինչպես նաեւ բնակիչների ընդունելությունների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նաեւ անձամբ է մասնակցելու քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կազմակերպվող բնակիչների ընդունելություններին: