Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացումը, ընդ որում՝ սեղմ ժամկետներում, կայացել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով: Այդ մասին մարտի 1-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

«Մենք այդ փաստը գնահատում ենք որպես դրական նախադեպ, երբ երկու երկրների միջեւ տարաձայնությունները չեն ազդել երրորդ պետության վրա: Դա առաջին դիվանագիտական համաձայնությունն է՝ ձեռք բերված Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ»,- հայտարարել է Կալանդաձեն:

Նրա խոսքով, անցակետի բացումը որեւէ կերպ սպառնալիք չի ստեղծի Վրաստանի անվտանգության համար: «Ռուսական կողմից սադրանք անելու հնարավորություն միշտ էլ կա, սակայն Վրաստանի իշխանությունները առավելագույնս կապահովեն ինչպես մերձակայքում բնակվող քաղաքացիների, այնպես էլ անցակետից օգտվողների անվտանգությունը»,- հայտարարել է Կալանդաձեն:

Նա նշել է, որ չնայած սահմանի հսկման մեղմացված քաղաքականությանը, վրացական կողմը ձեռնարկել է բոլոր միջոցները՝ սադրանքներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին, եռամյա ընդմիջումից հետո, «Վերին Լարս» անցակետը սկսեց իր աշխատանքները: Անցակետի աշխատանքի վերսկսման համաձայնությունը վրացի եւ ռուս փորձագետների միջեւ ձեռք էր բերվել Երեւանում եւ Կազբեգիում Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ հաստատվել էր Ռուսաստանի ու Վրաստանի ԱԳՆ-ների նոտաներով: