Մարտի 1-7-ը Հայաստանում նշվում է Խաղաղության կոսրպուսի շաբաթը: Նշենք, որ ամեն տարի Խաղաղության կորպուսի միջոցով հազարավոր ամերիկացիներ գործուղվում են այլ երկրներ` կամավորական աշխատանքի: Այս ծրագրի գաղափարն առաջին անգամ առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին՝ Միչիգանի համալսարանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, սա ոչ միայն Խաղաղության կորպուսի կամավորների ձեռքբերումները տոնելու շաբաթ է, այլ նաեւ արժեւորելու այն բոլոր մարդկանց, ովքեր ներդնում են իրենց ժամանակն ու աջակցությունը համայնքի կարքներին արձագանքելու համար։

Խաղաղության կորպուսի շաբաթվան նվիրված՝ այսօր ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել կամավորներին գնահատանքի արժանացնելու ամենամյա երրորդ արարողությունը։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և Խաղաղության Կորպուսի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լի Լեյսին Հայաստանում Խաղաղության կորպուսի շաբաթվա բացման արարողություն են կատարել եւ շնորհակալագրեր հանձնել բացառիկ հայերի՝ իրենց համայնքներում ցուցաբերած գերազանց կամավորական աշխատանքի և ծառայության համար։

Այս տարի եւս, Խաղաղության կորպուսի Հայաստանի աշխատակազմը ու կամավորները բազմատեսակ միջոցառումների միջոցով հասարակության ուշադրությունը կկենտրոնացնեն ազգանվեր գործի և կամավորականության արժանիքների վրա։