Վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններն առաջընթաց էին, դրանք խորհրդանշում էին Հայաստանում ընտրական նոր փուլը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Կովկասյան ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ նախկինից ավելի թափանցիկ ու արդար ընտրություններ են անցկացվել, իսկ եթե կան թերություններ, բացթողումներ, ապա  ՀՀԿ-ն պատրաստ է մանրամասն ուսումնասիրել, քննարկել դրանք, կլինի դրանք կազմակերպական խնդիրներ, թե  օրենսդրական դաշտի հետ կապված։

Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունները՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ խորհրդարանում 18 նոր մարդ ընտրվել է մեծամասնական եւ նույնքան էլ համամասնական ընտրակարգով, տեղի է ունեցել նաեւ կանանց տոկոսի ավելացում։ Իսկ նախագահական ընտրությունների ընթացքում, նրա խոսքով, տեսանք նոր քաղաքական մշակույթ, որոշակի հանդուրժողականություն, թշնամանքի պակաս, զանգվածային անկարգություններ տեղի չունեցան։ 

Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ՝ եթե նախագահական ընտրություններին ընդդիմության ձայների մեծամասնությունը բաժին է հասել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ավագանու ընտրություններին մասնակցած, իսկ նախագահականին չմասնակցած ուժերից յուրաքանչյուրը ստացել է իր ձայները։ «Այն բավականին մեծ տոկոսը, որ ուներ «Ժառանգությունը» նախագահականին, «Բարեւ Երեւանը» չէր կարող ստանալ»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ այժմ իշխանությունը պետք է պատասխանատվություն ցուցաբերի  խնդիրները լուծելու համար, որոնք են՝ աղքատության հաղթահարում, արտագաղթի նվազեցում, երկրի տնտեսության զարգացում, պաշտպանվածության ավելացում, առաջընթաց եւ զարգացում։ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ՝ հանդուրժողականությունը դառնում է  կարեւորագույն խթան, չափորոշիչ՝ խնդիրները լուծելու համար։  «Երկրում անհրաժեշտ է  գործուն ընդդիմություն, բանիմաց, ծրագրերով ներկայացող ընդդիմություն, որը կարող է  ներկայացնել դիտողություններ, ծրագրեր, առաջարկներ, իշխանությանն էլ պետք է շրջահայացություն, հանդուրժողականություն՝ խնդիրները լուծելու համար»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am