Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ, քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել ենվաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնականբանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկըգերազանցող՝ ամսական տասը տոկոսով:
Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաեւ՝ մեկ այլ քաղաքացի։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։



























