Ընտրություններն անցել են մաքուր, մարդկանց չեն սպանել, բանտերում չեն հայտնվել, արդյունքներն ընդունվել են հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Կովկասյան ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցած հիմնական ուժերը անցան խորհրդարան եւ սկսեցին աշխատել։ Քաղաքագետի խոսքով՝ ամեն ինչ կազմակերպված էր նորմալ, վարչական ռեսուրս օգտագործվեց, ընտրակաշառք բաժանեցին, հիանալ խաղ էին խորհրդարանական ընտրությունները, որից հետո կայացած նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանին համոզեցին չմասնակցել։
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքը երկուսն է, դրանք ցույց են տվել, որ գաղափարախոսությունները պարտվում են, տեխնոլոգիաները՝ հաղթում, ինչպես օրինակ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դեպքում էր։ Իսկ երկրորդ արդյունքն այն է, որ բոլոր քաղաքական ուժերն այժմ խորհրդարանում են եւ աշխատում են, երբեմն օգտագործելով այն որպես հրապարակ, երբեմն կազմակերպելով հիստերիաներ։
Իսկանդարյանի ներկայացմամբ՝ ՀՀԿ-ի հիմնական խնդիրն էր չհավաքել 80 տոկոս ձայն, քանի որ կա միջազգային հանրություն։ Դրանից հնարավոր եղավ խուսափել «Ժառանգության» ամերիկյան տեխնոլոգիայով արված քարոզարշավի շնորհիվ։
«Տեղի ունեցավ այն, ինչ եղավ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ վերցնել ամբողջ ընդդիմության ձայնը եւ կորցրեց այդ կապիտալը մինչեւ այսօր»,- ասաց նա։ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ Հայաստանում ընդդիմություն չկա, փլատակների մեջ է, եւ խոսքը միայն «Ժառանգության» մասին չէ, այլեւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի։ Նրա խոսքով՝ նույնիսկ միանալով հանդերձ՝ ընդդիմությունը որեւէ բան չէր կարող անել, խոսքը ոչ թե միավորման, այլ ընդդիմության կայացման մասին է։
«Իրավիճակը բավականին տխուր է, վատ է քաղաքական դաշտն առանց ընդդիմության, վատ է, որ ՀՀԿ-ն իրեն լավ է զգում։ Որեւէ բան հնարավոր է փոխել, եթե ճնշումներ լինեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք է ընդդիմությունը կայանա, որպեսզի ստիպի իշխանությանը որեւէ բան փոխել, ոչ թե նեղանա, հիստերիաներ սարքի, այլ աշխատի այն պայմաններում, որում հայտնվել են, չասի, թե նրանք օլիգարխներ են, մենք՝ ձյունանուշիկներ։
Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց նաեւ, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան, նրանք, ովքեր իրենց այդպես են անվանում, այդպիսին չեն։ Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում սոցիալական բողոք կա, որին պետք է քաղաքական հենք տալ եւ ճանապարհ բացել արտահայտվելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























