ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը բոլորովին էլ կեղծված չի համարում Երեւանի ավագանու ընտրությունները, որոնցում ՕԵԿ-ը պարտություն է կրել: Այս մասին նա ասել է այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես նախկինում էլ եմ ասել, որ ընտրությունների համար անհրաժեշտ են մի քանի գործոններ՝ ֆինանսներ, ռեսուրսներ եւ վարկանիշ: Մենք չունեինք բավարար ֆինանսական ու վարչական ռեսուրսներ այդ պայքարում հաղթելու համար, եւ այդ մասին խոսելն ամոթ չէ: Մենք պետք է ավելի լավ պատրաստ լինենք ապագայում»,-ասել է նա:
ՕԵԿ ղեկավարը հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց կուսակցությունը շատ ավելի ձայներ է հավաքել: «Պարզապես տեղական ինքնակառավարման ընտրություններում մեծ է թաղային հեղինակությունների գործոնը, եւ դուք դա ինձնից ավելի լավ գիտեք: ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան»,-նշել է նա:
Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը հակված չէ դրամատիզացնել իրենց պարտությունը Երեւանի ընտրություններում: «Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Ընտրություններում լինում են նաեւ պարտություններ, մենք ընդունում ենք սխալները, անհրաժեշտ է վերլուծել բացթողումները, ավելի լավ աշխատել, ավելի շատ ռեսուրսներ ներդնել, որպեսզի մրցամցությունը լիարժեք լինի»,-ամփոփել է ՕԵԿ ղեկավարը:




























