«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ փետրվարի 17-ից 20-ը Վիեննայում կայացած ձմեռային նստաշրջանում մենք առիթ ենք ունեցել բանավեճի մեջ մտնել ադրբեջանական պատվիրակության հետ»,- մարտի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը։
Նշելով, որ բանավեճի պատճառն ադրբեջանական կողմի այն դիտարկումն էր, թե իբր ԼՂ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անօրինական են եւ հակասում են միջազգային իրավունքին, նա տեղեկացրեց, որ հայկական կողմն ի պատասխան հրավիրել է գործընթացով հետաքրքրվող ԵԱՀԿ ԽՎ-ի յուրաքանչյուր պատգամավորի՝ ներկա գտնվել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն իր դիրքորոշումն է արտահայտել աֆղանական հարցի առնչությամբ, մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության կողմից կազմակերպված մի «կլոր սեղանի», որը քննարկել է ազգատյացության եւ ազգամիջյան թշնամանքի կանխարգելմանն առնչվող հարցեր։
«Ձմեռային նստաշրջանի ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել նաեւ մի շարք երկրների՝ Հունաստանի, Կանադայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի պատգամավորների հետ եւ նրանց հետ քննարկել ղարաբաղյան հարցի կարգավորման արդի գործընթացին վերաբերող հարցեր»,- նշեց Ա. Սաֆարյանը՝ ավելացնելով, որ հատկապես վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը բազմապատկել է Հայաստանին սեւացնելու եւ նրան որպես «ագրեսոր» ներկայացնելու ջանքերը. «Այս ուղղությամբ Ադրբեջանը ֆինանսական եւ մարդկային հսկայական միջոցներ է ծախսում. այստեղից հետեւություն, որ այդ երկիրը պատրաստ չէ փոխհամագործակցության»,- նկատեց նա՝ հավելելով, որ ըստ իր ունեցած հավաստի տեղեկութունների՝ ադրբեջանական կողմն իր միօրինակ հայտարարություններով զզվեցրել է եվրոպացի պատգամավորներին։
Ասուլիսի մյուս բանախոս, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանը, իր հերթին հաստատելով ադրբեջանական կողմի՝ Հայաստանի վրա անընդհատ «ստվեր գցելու» քաղաքականությունը, տեղեկացրեց, որ ԵԱՀԿ՝ Օսլոյում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում կներկայացվի մի բանաձեւի նախագիծ, որը ենթադրում է հակամարտության մասնակից երկրների՝ ուժի չկիրառման սկզբունքը։
«Նախատեսվում է նաեւ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշի զեկույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ով պատրաստվում է մարտի 10-ից 13-ը տարածաշրջանային այց կատարել»,- ամփոփեց նա։



























