Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային լավ պայմաններ են ստեղծված՝ առավել թարմ տեխնիկական սարքավորումներով եւ տեղեկատվական միջոցներով, ինչպիսին, օրինակ, Ճգնաժամային կառավարման կենտրոնն է, դիսպետչերական կենտրոնը:  Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի Հայաստանի ԱԻՆ կատարած այցի ընթացքում ասել է ԼՂՀ Փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ, գնահատելով առկա տեխնիկական համալրվածությունը, կարելի է վստահաբար նշել՝ Հայաստանը ռիսկերին դիմակայելու առումով կայուն երկիր է: Ըստ Հարությունյանի՝ ԼՂՀ Փրկարարական ծառայությունը եւս համալրված է արդիական տեխնիկական միջոցներով, որոնք բավարար են առաջադրված խնդիրները լուծելու համար: «Շուտով Լեռնային Ղարաբաղն էլ Ճգնաժամային կառավարման կենտրոն կունենա, որը մշտական կապի մեջ կլինի հայաստանյան գործընկերների հետ», - նշել է Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարն իր այցերի շրջանակում միշտ ԼՂՀ Փրկարարական ծառայությանը տեխնիկական ինչ-որ միջոց է նվիրում, վերջին այցի դեպքում դա ամենագնաց մեքենան էր: