Վրացական «Իմերդի» հեռեւստաալիքը նոր փաստաթղթեր է հրապարակել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հատուկ պահպանության ծառայության բուջեի գումարների ոչ նպատակային օգտագործման մասին: Փաստաթղթերի համաձայն՝ Սահակաշվիլին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բոտոքսի երկու վիրահատության է ենթարկվել, մեկը 2009-ի փետրվարի 23-ին (վճարել է 5600 դոլար), մյուսը՝ 2011-ի սեպտեմբերի 23-ին (վճարել է 5800 դոլար):
«Գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերում նշվում է նաեւ, որ երկրի նախագահը 5 993 ֆունթ սթերլինգ է վճարել ամերիկյան դերասանուհու մերկ լուսանկարի համար: Նա նաեւ վճարել է ամերիկյան գործարար Քրիստինա Բուսավա «Ռեդիսոն» հյուրանոցում մնալու համար եւ նրա համար կոշիկներ է գնել: Այդ ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 6 668 լարի:
Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Պաիչաձեն հայտնել է, որ այդ գործով հետաքննություն է ընթանում եւ չի բացառվում, որ Սահակաշվիլիին կանչեն հարցաքննության: «Քննությունն իրավունք ունի հարցաքննել բոլորին, այդ թվում նախագահին, եթե դա անհրաժեշտ է գործի համար: Օրենքը չի արգելում նախագահի հարցաքննությունը»,-ասել է նա, հաղորդում է «Թբիլիսյան նորություններ»-ը:




























