Հայաստանի ԱԻՆ-ն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն, երկրորդ նման կենտրոնը կկառուցվի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա այցելությունը Հայաստանի ԱԻՆ, պարտավորեցնում է էլ ավելի ակտիվորեն աշխատել Արցախում: «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք Ղարաբաղում: Առավելագույնը 3-4 ամսում Լեռնային Ղարաբաղում կհիմնվի ճգնաժամային կառավարման կենտրոնը»,-ասաց նա՝ հավելելով, որ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Նախարարը նաեւ հավելեց, որ Բակո Սահակյանն առաջարկել է համատեղ վարժանքներ իրականացնել Արցախում: «Մենք այնտեղ կուղարկենք մեր համապատասխան տեխնիկան եւ մի քանի ամսվա ընթացքում վարժանքները կկազմակերպենք»,-վստահեցրեց Երիցյանը:




























